27 հունիսի 2016 - 11:45 AMT
ԿԲ-ն՝ ՀՀ-ից ֆիկտիվ արտահանման ռիսկի մասին. Մոսկվան որևէ փաստի հղում չի անում

Հունիսի 23-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը զգուշացրել է ռուսական բանկերին Հայաստանից կամ Ղրղզստանից ֆիկտիվ ներկրման հետ կապված կասկածելի գործարքներում ընդգրկվելու ռիսկի մասին: Համապատասխան նամակը ԿԲ փոխնախագահի ստորագրությամբ հրապարակվել է «Ռուսաստանի բանկի վեստնիկում»:

ՌԴ ԿԲ-ն նշել է, որ Հայաստանից և Ղրղզստանից ապրանքների գծով կասկածելի գործարքներ կարող են լինել խուսափումը հարկերից, «ստվերային» ներմուծման ֆինանսավորումն ու հանցավոր եղանակով ստացած եկամուտների լվացումը:

ՌԴ կենտրոնական բանկի կողմից ռուսաստանյան բանկերին ուղղված զգուշացման վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների առնչությամբ Հայաստանի Կենտրոնանական բանկը հայտնեց PanARMENIAN.Net-ին, որ դրանցում Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատությունների մասնակցությամբ իրականացված՝ հարկերից խուսափելու, «ստվերային» ներմուծումը ֆինանսավորելու կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացմանը նպաստելու որևէ հաստատված փաստի կամ արձանագրված դեպքի հղում չի կատարվում:

ԿԲ-ից նշեցին, որ այս զգուշացումը բացառապես կանխարգելիչ բնույթ ունի և վերաբերում է դիտարկվող ոլորտում տեսականորեն հնարավոր, բայց ոչ ամենևին՝ փաստացի դրսևորված ռիսկերին:

«Միաժամանակ, հրապարակման մեջ նշված երևույթների դեմ պայքարի իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների մասով ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործուն համակարգ: Հայաստանյան իրավասու պետական մարմինների կողմից ձեռնարկվում են օրենսդրությամբ և միջազգային պահանջներով սահմանված բոլոր անհրաժեշտ գործողությունները, այդ թվում լայնամասշտաբ գործակցություն Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ համապատասխան տեղեկությունների փոխանակման մասով՝ հնարավոր կասկածելի գործարքները կամ գործարար հարաբերությունները ժամանակին հայտնաբերելու և կանխելու նպատակով», - հայտնեցին ՀՀ ԿԲ-ից:

Հայաստանից և Ղրղզստանից ապրանքներ գնող հաճախորդներին ստուգելիս ՌԴ ԿԲ-ն խորհուրդ է տալիս ղեկավարվել նույն չափանիշներով, որոնք գործում են Բելառուսի և Ղազախստանի համար գործարքների դեպքում: Եթե բանկի կասկածները հաստատվում են, հարկ է մերժել հաճախորդին և փակել հաշիվը: