28 հունիսի 2016 - 12:26 AMT
Երևանում 2016-ին 270 թեքահարթակ կկառուցվի

Մայրաքաղաքում շարունակվում են թեքահարթակների կառուցման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի 2016-ի ծրագրով Երևանում նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների մոտ 270 թեքահարթակ, որից 90-ն արդեն իսկ կառուցվել է:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ինչպես շինարարության ընթացքում, անպես էլ աշխատանքների ավարտից հետո, պատասխանատուներից բացի, կատարված աշխատանքին տեղում հետևում են շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անհատներ:

«Այս տարի թեքահարթակների կառուցումն ընդգրկում է բոլոր վարչական շրջանները: Մենք պարբերաբար գույքագրում ենք այն բոլոր հասցեները, որտեղ թեքահարթակների անհրաժեշտություն կա՝ մեր հետագա ծրագրերում ընդգրկելու համար:

Միաժամանակ պետք է ընդգծեմ, որ թեքահարթակներ են կառուցվում նաև փողոցների և մայթերի հիմնանորոգման ծրագրերով, ինչի արդյունքում կունենանք թեքահարթակների ավելի մեծ քանակ: Բացի այդ, քաղաքապետարանի ծրագրերով շտկվելու են նաև նախորդ տարիներին կառուցված և չափանիշներին չհամապատասխանող թեքահարթակները», - նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը:

2013-ին Երևանում մեկնարկել էր թեքահարթակների կառուցման գործընթացը: 2013-ից 2015-ը կառուվել է մոտ 1600 թեքահարթակ: