Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգի արևելքում գտնվող գյուղի վրա ավիահարվածների հետևանքով կարող է զոհված լինել մոտ 25 երեխա: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:
Նրա խոսքով՝ այդպիսի տեղեկատվության է տիրապետում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Aysor.am-ը:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնում է, որ Սիրիայի գործընկերներից տեղեկություն է ստացել, համաձայն որի, Դեյր էզ Զորի արևելյան Ալ-Քուրիա գյուղի վրա ավիահարվածների հետևանքով հունիսի 27-ին սպանվել է 25 երեխա: Ինչպես հաղորդվում է, 3 հարված հասցվել է մարդաշատ շրջաններին, այդ թվում՝ աղոթքի ժամանակ մզկիթին»,- ասել է Ֆարհան Հակը:
ՄԱԿ-ի 2014-ի տվյալներով, Սիրիայի պատերազմում ավելի քան 10.000 երեխա է սպանվել: