28 հունիսի 2016 - 16:26 AMT
ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը

ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան Մարկ Էյրոն հունիսի 29-ին Փարիզում կքննարկեն ղարաբաղյան կարգավորմանն ուղղված հետագա քայլերը: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Լավրովն ու էյրոն Փարիզում կքննարկեն քայլերը, որոնք Ռուսաստանն ու Ֆրանսիան պետք է համաձայնեցնեն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ`հաշվի առնելով պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում մայիսի 16-ին և հունիսի 20-ին ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը Սանկտ Պետերբուրգում»,-ասել է Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում և Սիրիայում, ինչպես նաև ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի հետևանքները:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Ընթերցեք նաև. ԵԱՀԿ նախագահ Շտայնմայերը հունիսի 29-ին կժամանի Հայաստան