29 հունիսի 2016 - 11:31 AMT
ՊՆ-ում քննարկել են ՄԹ հետ նոր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության զինված ուժերի 160-րդ Ուելսյան հետևակային բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Մարտին Գամբլի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության խորացման և նոր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:

160-րդ Ուելսյան բրիգադը ՀՀ պաշտպանության նախարարության գործընկերն է և արդեն երկու տարի է ՀՀ զինված ուժերի հետ համագործակցություն և փորձի փոխանակում է իրականացնում մի շարք ոլորտներում Բրիտանական պատվիրակությունն այցելել է նաև Հայաստան-Կանզաս «Նահանգային գործընկերություն» ծրագրի և ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացման շրջանակում կրտսեր հրամանատարական կազմի վերապատրաստմանն ուղղված փուլային դասընթացի անցկացման վայր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ 2015-ին ՆԱՏՕ-ի գործունեությունը ամփոփող տարեկան զեկույցում ասվում է, որ ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնում է ռազմական պատրաստվածության և ռազմական կրթության ոլորտներում սեփական փորձառությամբ կիսվելու, ինչպես նաև կառույցի անդամ երկրների համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ մասնագիտական վերապատրաստումներին ուղղված նախաձեռնություններ կյանքի կոչելու միջոցով: