28 մարտի 2007 - 20:20 AMT
ՀՀ եւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ՎՈՒԱՄ-ի նախաձեռնությունը սառեցված հակամարտությունների վերաբերյալ
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանն ընդունեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ուկրաինայի ԱԳ նախարար Արսենի Յացենյուկին: Ա. Յացենյուկը փոխանցեց Ուկրաինայի նախագահի, կառավարության ցավակցությունը հայ ժողովրդին ծանր կորստի կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերություններին` գոհունակությամբ նշելով երկու երկրների վերընթաց գործակցությունը առեւտրատնտեսական ոլորտում: Քննարկվեցին նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Այս առումով անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ՎՈՒԱՄ-ի` սառեցված հակամարտությունների վերաբերյալ բանաձեւ ներկայացնելու նախաձեռնությանը: Հյուրի խնդրանքով պրն. Օսկանյանը հանգամանորեն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ներկայացված Կոսովոյի հիմնահարցի, տարածաշրջանային խնդիրների շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: