29 հունիսի 2016 - 15:48 AMT
Բակո Սահակյանն ԱՄՆ նախկին դեսպան Էվանսի հետ քննարկել է ԼՂ-ում տարբեր ծրագրերի իրականացման հարցեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախագահ Կարո Արմենին և նույն կազմակերպության տնօրենների խորհրդի խորհրդական, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը նպաստում է երեխաների հայեցի դաստիարակմանը, ինչպես նաև գյուղական բնակավայրերի զարգացմանը՝ հավելելով, որ Արցախը շահագրգռված է ընդլայնելու համագործակցությունն այդ կառույցի հետ, հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հունիսի 16-ին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Ջոն Էվանսն, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, ասել էր, որ ԼՂ հարցով բանակցությունները պետք է կենտրոնացնել մարդկանց անվտանգության ապահովման վրա:

«Կարծում եմ, ապրիլի 2-ին և հաջորդ օրերին տեղի ունեցածից հետո շատ ավելի դժվար է բանակցել: Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու է հայկական կողմը ցնցված տեղի ունեցածով»,-ասել էր նա: Ջոն Էվանսն ընդգծել էր նաև, որ ապրիլյան պատերազմը լուրջ հարված հասցրեց Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական աշխատանքին, և ապագայում նման իրավիճակը պետք է բացառվի:

Ընթերցեք նաև. Էվանս. ԼՂ հարցով բանակցությունները պետք է կենտրոնացնել մարդկանց անվտանգության ապահովման վրա