29 հունիսի 2016 - 16:21 AMT
Ռուսաստանը կհանի Թուրքիա այցելելու սահմանափակումները

Ռուսաստանը մտադիր է հանել Թուրքիա այցելելու սահմանափակումները ռուս զբոսաշրջիկների համար: Այդ մասին խոսվել է ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ:

«Վարչական սահմանափակումները Թուրքիայի հետ զբոսաշրջության ոլորտում մենք կհանենք, չնայած ահաբեկչական տարրերի ակտիվացմանը»,-ասել է Պուտինը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ըստ Պուտինի, Էրդողանը հավաստիացրել է իրեն, որ «Թուրքիան ամեն ինչ կանի» ապահովելու համար ռուս զբոսաշրջիկների անվտանգությունը: ՌԴ նախագահն ասել է նաև, որ խնդրել է ՌԴ կառավարությանն առաջարկներ նախապատրաստել Թուրքիայի հետ առևտրային և տնտեսական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Կրեմլում հաստատել են Էրդողանի մամուլի ծառայության հաղորդագրություններն այն մասին, որ ՌԴ և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են անձնական հանդիպման մասին:

Հունիսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից 2015 թվականի նոյեմբերին ռուսական Սու-24 ռմբակոծիչը ոչնչացնելու համար:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։

Ընթերցեք նաև. Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել