30 հունիսի 2016 - 10:44 AMT
ԼՂՀ նախագահը՝ Շտայնմայերին. Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցություններ են անհրաժեշտ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից՝ ընդգծելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ:

Սահակյանը կարևորել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների մշակումն ու ներդրումը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը և դրական ազդեցություն կունենա բանակցային գործընթացի հետագա ընթացքի վրա:

Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք նաև՝ ԵԱՀԿ նախագահ. Ստատուս քվոյի պահպանումը մեծացնում է հակամարտության սրմանհավանականությունը

ԵԱՀԿ նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ