Պաշտպանության համակարգում նորամուծությունների և աշխատանքն առավել ընդգրկուն, արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունն ակնհայտ է, և այժմ ներգրավվում են նոր ռեսուրսներ` առկա խնդիրները լուծելու և գալիք մարտահրավերներին դիմակայելու համար:
Այդ մասին է հայտարարել ՀՀ ՊՆ փոխնախարար, ՊՆ ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթին:
«Պարզ ասեմ, այն ֆինանսավորմամբ, որը կար նախկինում, հնարավոր չէ մեծ խնդիրներ լուծել: Պետք է օգտագործել ֆինանսավորման բոլոր հնարավոր աղբյուրները և քննարկել ոչ պետական ֆինանսավորման տարբերակները», - նշել է նա:
«Մեխանիզմը հետևյալն է` գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով մենք պետք է ունենանք պետականին հավելյալ ֆինանսավորում: Դա կլինի կամ մասնավոր, կամ հատուկ տիպի ֆինանսավորում: Ինչ վերաբերում է շահութաբերությանը արդյունաբերության ոլորտում, անշուշտ, կլինեն սահմանափակումներ, հիմա գործում է 10 տոկոս շահութաբերության մեխանիզմը: Մյուս կողմից մենք պետք է կարողանանք վաճառել մեր արտադրանքը արտասահմանում, և այդ դեպքում կարող ենք ունենալ բարձր շահութաբերություն», - մանրամասնել է փոխնախարարը:
Խոսելով վերջին ժամանակաշրջանում արված նորամուծությունների մասին, Փախչանյանը նշել է ջերմատեսիլ սարքերի արտադրությունը և ՀՕՊ համակարգերի արդիականացումը: Նա նշել է, որ գաղտնիության ռեժիմից ելնելով թվարկումներ անել չի կարող՝ սակայն արվել են բոլոր անհրաժեշտ վերլուծությունները, որից կբխեն համապատասխան քայլեր: «Մենք այսօր խնդիր ունենք ռազմաարդյունաբերության ոլորտը զարգացնել առավել արագ՝ ավելի մեծ ներուժ ընդգրկելով և ավելի բարձր արդյունավետությամբ», - շեշտել է Փախչանյանը:
Ավելի վաղ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ ՊԲ դիրքերը մշտապես համալրվում են գիշերային տեսանելիության սարքերով, ջերմատեսիլ սարքավորումներով:
Փախչանյանն ընդգծել է, որ առկա մտավոր ներուժն ամբողջ ծավալով ներգրավված չէ, սակայն «գրչի մի հարվածով» այն ներգրավել չի ստացվի: «Դա շարունակական աշխատանք է, որի արդյունավետությունը մեծապես կպայմանավորի ռազմաարդյունաբերության զարգացման որակն ու տեմպերը: Հաջորդ խնդիրը, որ կարևորում եմ, մեր արտադրական հնարավորությունների ճիշտ գնահատումն է: Պարզ ասած` պիտի հստակեցնել` որ զինատեսակն ենք արտադրելու տեղում, և որն ենք գնելու արտերկրից», - նշել է նա:
Կարդացեք նաև. Ինչ է արվել պատերազմից հետո. Ապրիլին հաջորդած 2 ամսում կատարված աշխատանքը