1 հուլիսի 2016 - 15:36 AMT
Թալիշի գյուղապետը գնդակոծման փաստով դիմում է ներկայացրել ԼՂՀ ՄԻՊ-ին

2016թ. հունիսի 30-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին դիմում է ներկայացրել այն մասին, որ համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքներում ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել հացահատիկի բերքահավաք իրականացնող խաղաղ բնակչության ուղղությամբ, հայտնում է ԼՂՀ ՄԻՊ գրասենյակը:

Համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ անվտանգության նկատառումներով բերքահավաք աշխատանքները դադարեցվել են:

Հունիսի 30-ին` ժամը 14:10-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարը Թալիշի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, որի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել:

ԼՂՀ մարդու իրավունքի պաշտպան Ռուբեն Մելիքյանը խստորեն դատապարտել է Թալիշ համայնքի բնակիչների կյանքի իրավունքի և սեփականության իրավունքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի ոտնձգությունը և միջազգային հումանիտար իրավունքի պահանջների ոտնահարումը։

Մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն իրականացնող և հատկապես Ադրբեջանում գործունեություն ծավալող իրավասու միջազգային կազմակերպություններին պաշտպանը կոչ է անում գործուն միջոցներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու ուղղությամբ։

Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով, պաշտպանի աշխատակազմն իրականացնում է միջադեպի հանգամանքների փաստագրում և իրավական վերլուծություն, որոնց արդյունքները հասանելի կդարձվեն հանրությանը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը պարբերաբար հրաձգային զինատեսակներից սկսել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հրաժարվել իր սադրիչ գործողություններից և չթիրախավորել գյուղատնտեսական աշխատանքներին ընդգրկված խաղաղ բնակչությանը, այլապես ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: