Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է քաղաքապետարանի 2016թ. ծրագրերով իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին:
Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը նախ այցելել է Սիլիկյան խճուղուց «Հաղթանակ» թաղամաս տանող ճանապարհի շինհրապարակ:
Քաղաքապետին զեկուցվել է, որ Աջափնյակ վարչական շրջանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին կապող, նախկինում անմխիթար վիճակում գտնվող ճանապարհահատվածը հիմնանորոգվում է:
Պատասխանատուներն ընդգծել են, որ ճանապարհահատվածը կապում է «Շահումյան 1» և «Շահումյան 2» գերեզմանատներն ու նաև ապահովում դեպի «Սպանդարյան» և «Հաղթանակ» գերեզմանատներ տանող ճանապարհի երթևեկը:
Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է գործն ավարտել նախատեսված ժամկետներում ու մշտական հսկողության տակ պահել աշխատանքների որակը:
«Վերջին 20 տարիների ընթացքում այս ճանապարհահատվածում ընդամենը մասնակի նորոգումներ էին իրականացվել և, իրոք, անմխիթար վիճակում էր այս ճանապարհը: Հարևանությամբ տարբեր գերեզմանատներ են, և ճանապարհի այդ վիճակը բավականին խոչընդոտներ էր ստեղծում այստեղ այցելող մեր համաքաղաքացիների համար: Ըստ այդմ, որպես առաջնահերթություն, այս աշխատանքները ևս ներառեցինք մեր այս տարվա բարեկարգման ծրագրում և, ինչպես տեսնում եք, այն արդեն ընթացքի մեջ է: Աշխատանքների ավարտից հետո այս ճանապարհը կդառնա նաև Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն իրար կապող կարևոր հանգույց, ինչն իր հերթին զգալիորեն կնպաստի Հասրաթյան և Լենինգրադյան փողոցների երթևեկության բեռնաթափմանը», - ընդգծել է քաղաքապետը:
Նա այցելել է նաև Շիրազի 10 շենքի բակային տարածք, որտեղ ընթանում են բակի բարեկարգման աշխատանքներ:
Քաղաքապետին ներկայացնելով աշխատանքների ընթացքը՝ պատասխանատուները նշել են, որ ծրագիրը կյանքի կոչելու համար բակային տարածքից ապամոնտաժվել է 12 մետաղյա և 1 քարե ավտոտնակ: Բարեկարգման շնորհիվ բակային այս տարածքը կդառնա հանգստի յուրօրինակ կենտրոն՝ կահավորված նստարաններով, զրուցարաններով, ժամանակակից խաղային ատրակցիոններով ու մարզական գույքով:
Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին՝ բակերի բարեկարգման ծրագիրը հետևողականորեն շարունակելու համար` ընդգծելով, որ անհամբերությամբ են սպասում աշխատանքների ավարտին ու բարեկարգ բակ ունենալուն: