2 հուլիսի 2016 - 15:55 AMT
Լավրովն ու Շտայնմայերը քննարկել են ղարաբաղյան կարգավորման առաջխաղացման հեռանկարը

ՌԴ և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան կարգավորման առաջխաղացման հեռանկարը: Հուլիսի 1-ին գերմանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Սերգեյ Լավրովի և Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հեռախոսազրույցը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարները քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջխաղացման հեռանկարը` հաշվի առնելով Շտայնմայերի վերջին այցերը Երևան և Բաքու ԵԱՀԿ նախագահի կարգավիճակում:

Քննարկվել են նաև ռուս-գերմանական օրակարգի առանձին ասպեկտներ, կարծիքներ են փոխանակվել միջազգային հարաբերությունների առանցքային հարցերի վերաբերյալ: Հատուկ ուշադրություն է դարձվել «նորմանդական ձևաչափով» Մինսկի պայմանավորվածությունների կատարմանը ուկրաինական ճգնաժամի հաղթահարման նպատակով:

ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հունիսի 29-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցում ստատուս քվոյի երկարատև պահպանումն անհնար է, ստեղծված իրավիճակի շարունակական լինելու դեպքում ավելանում է հակամարտության սրման հավանականությունը: Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները թույլ տվեցին «հանդարտեցնել իրավիճակը շփման գծում»:

«Մենք սկզբունքորեն ճիշտ ուղու վրա ենք ու պետք է գործադրենք բոլոր ջանքերն այս իրավիճակը պահպանելու և բանակցային գործընթացը նյութականացնելու համար: Անհրաժեշտ են ԵԱՀԿ ու միջնորդների ջանքերը, ինչպես նաև՝ փոխադարձ զիջումների գնալու հակամարտության կողմերի պատրաստակամությունը»,- նշել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

Ընթերցեք նաև. ՀՀ նախագահը և ԵԱՀԿ նախագահը կարևորել են Վիեննայի և Պետերբուրգի համաձայնությունների կատարումը