4 հուլիսի 2016 - 15:43 AMT
ՌԴ Պետդումայի կոմիտեի նախագահը հուսով է` ԼՂ կարգավորման հարցում առաջխաղացում կլինի

ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին հուսով է, որ ընթացիկ տարում կհաջողվի մեռյալ կետից շարժել ղարաբաղյան կարգավորումը:

«Կցանկանայի հուսալ, որ տեսանելի ապագայում, գուցե, ընթացիկ տարում, կարող են ինչ-որ նշանակալի քայլեր արվել, որպեսզի ղարաբաղյան կարգավորման այդ արյունահոսող դոսյեն շարժվի մեռյալ կետից»,-ասել է նա մամուլի ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ընթերցեք նաև. Սվիտալսկի. ԼՂՀ կարգավորման գործընթացում նոր շարժ կա, ԵՄ մոտեցումները կփոփոխվեն