ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 4-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, որոնք Երևան են ժամանել մասնակցելու ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակում անցկացվելիք արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Հանրապետության նախագահը կարևորել է նիստի աշխատանքը, որը նպատակաուղղված է ՀԱՊԿ գործունեության կարևոր բաղադրիչներից մեկի՝ կազմակերպության անդամ երկրների միջև արտաքին քաղաքականության համակարգման արդյունավետության բարձրացմանը:
Սարգսյանը նշել է, որ մինչև այս, Երևանում կայացել են ՀԱՊԿ ռազմական կոմիտեի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը, որոնցում քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում խաղաղության և կայունության ապահովման մեխանիզմների կատարելագործման, միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում կազմակերպության անդամ պետությունների ջանքերի կոորդինացման, արագ արձագանքման հավաքական ուժերի հակաահաբեկչական ներուժի ամրապնդման ուղղությամբ համատեղ ջանքերը:
Այս համատեքստում նախագահը հույս է հայտնել, որ արտգործնախարարների նիստը ևս կանցկացվի կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում հավանության կարժանանա նաև մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը:
Նախագահ Սարգսյանը կարևորել է միջազգային հարթակներում ՀԱՊԿ անդամ երկրների կողմից փոխադարձ կենսական շահերի հաշվի առնման սկզբունքային պայմանավորվածությունների հետևողական իրականացումը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀՀ նախագահին զեկուցել է արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգի շրջանակնում քննարկվելիք հարցերի և Հայաստանի նախագահության շրջանակում ՀԱՊԿ առաջիկա ծրագրերի ու միջոցառումների մասին:
Հուլիսի 4-ին Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ: ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը կանցկացվի ՀՀ արտգործնախարարի նախագահությամբ, որից հետո Էդվարդ Նալբանդյանը և Նիկոլայ Բորդյուժան հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։