4 հուլիսի 2016 - 18:30 AMT
Սերժ Սարգսյանը ցավակցել է Իրաքի վարչապետին բաղդադյան ահաբեկչության կապակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Հեյդար ալ Աբադիին՝ Բաղդադի Ալ Քարադե թաղամասում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ,

«Հայաստանը խստորեն դատապարտում է այդ ահաբեկչությունը, որի նպատակը ինչպես Իրաքում, այնպես էլ տարածաշրջանում անկայունության նոր ալիք հրահրելն է: Մարտի դաշտում իրաքյան բանակի տարած հաղթանակներից խուճապահար ահաբեկիչները նենգորեն իրենց թիրախն են դարձնում քաղաքացիական անձանց: Ռամադան սուրբ ամսվա ընթացքում խաղաղ բնակչության նկատմամբ այս սոսկալի հանցագործությունները որևէ արդարացում չունեն: Մեր զորակցությունն ենք հայտնում բարեկամ Իրաքին՝ երկրի տարածքում ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելուն ուղղված վճռական ջանքերում», - նշվում է Սարգսյանի հեռագրում։

«Վշտի և կորստյան այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Իրաքի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասվում է ՀՀ նախագահի հեռագրում:

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մեքենայի պայթյունի հետևանքով առնվազն 213 մարդ է զոհվել: Պայթյունը որոտացել է հուլիսի 3-ին շիաներով բնակեցված թաղամասում: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: