5 հուլիսի 2016 - 14:17 AMT
Արթիկի քաղաքապետ. Հատկացված աջակցությունը բավարար է տները վերականգնելու համար

Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանն անդրադարձել է Արթիկում աղետի հասցված վնասներին և բնակիչներին փոխհատուցման խնդիրներին:

Նա պարզաբանել է, որ գումարի հատկացման մասին Կառավարության որոշման մեջ նշվում է ոչ թե վնասի փոխհատուցման մասին, այլ 12 բնակարանի բնակիչներին աջակցելու մասին: «Ուսումնասիրությունը կատարվել է ամենայն մանրամասնությամբ»,-ասել է քաղաքապետը և նշել, որ այս պահին ջուրն ամբողջությամբ հեռացված է բնակարաններից:

Հունիսի 30-ին գործադիրն ընդունել է որոշում, որի համաձայն ՀՀ Շիրակի մարզպետարանին գումար կհատկացվի՝ Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար:

Այսպիսով՝ բնակիչներին աջակցություն կցուցաբերվի հեղեղումների հետևանքով վնասված շենք-շինությունների համար, ինչպես նաև կորցրած գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց: Կիրականացվեն նաև Արթիկ համայնքի հեղեղատարների մաքրման և վերականգնման աշխատանքներ: Գործադիրի ընդունած որոշման համաձայն ՀՀ Շիրակի մարզպետարանին կհատկացվի 41 մլն 746.000 դրան՝ Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հատկացված փոխհատուցումը քաղաքապետը բավարար է համարում, չնայած նրան, որ բնակիչները նշում են, որ այն շատ քիչ է, Աբրահամյանն ասել է. «Հատկացված աջակցությունը միանշանակ բավարար է, որպեսզի տները վերականգնվեն, գան այն վիճակին, որ եղել է մինչև աղետը», մեջբերում է Tert.am-ը:

Նա նշել է, որ վերջնական պատկերը պարզ կլինի աշխատանքների ավարտից հետո և այս պահն երեք տեխնիկա ծանր էքսկավատորներ, ութից ավել բեռնատարներ են աշխատում, մաքրվում են քաղաքի փողոցները:

Աբրահամյանի խոսքով աղետի պատճառը ձորակ լցված թափոններն են եղել, որոնք աննախադեպ տեղումները լցրել են քաղաք:

Հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել էին քաղաքի գլխավոր փողոցները: Վարարել է Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ են առաջացել Մովրովի և Բմբուլենց սելավատարերում: Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տան արտաքին պատը մասնակի փլուզվել է: Հոսանքամատակարարումը, ջրամանակարարումը և գազամատակարարումը դադարեցվել է: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 27 աշխատակից, որոնց տեղափոխել են անվտանգ տարածք:Փրկարարները տարահանել են բնակիչներին ու անասուններին:

Կարդացեք նաև՝ Խմելու ջրի որակի ամենօրյա մոնիթորինգ՝ Արթիկում