5 հուլիսի 2016 - 17:58 AMT
«Իզվեստիա». Ղարաբաղյան կարգավորման ռուսական պլանը ենթադրում է հայ-թուրքական սահմանի բացում

Երևանում մասնակցելով ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի աշխատանքին`ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ոչ պաշտոնական երկկողմ բանակցություններ է վարել հայկական կողմի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, գրում է «Իզվեստիա» թերթը:

Իրավիճակի կարգավորումը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական կողմի միջնորդությամբ շատ ակտիվ է ընթանում, սակայն, առանց ավելորդ շտապողականության: Ռուսաստանը հասկանում է, որ ճգնաժամը պետք է այնպես հաղթահարել, որ բոլոր մասնակիցները, ներառյալ բուն Լեռնային Ղարաբաղը, առավելագույնս անցավ դուրս գան դրանից, հայտնել է պարբերականը` դիվանագիտական աղբյուրի վրա հղումով:

Ինչպես նշվում է, ուսական պլանը, մասնավորապես, նախատեսում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանների ապաշրջափակում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի կողմից:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կարող է բարենպաստ ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, գրում է թերթը:

Հուլիսի 4-ին ‪Երևան‬ում տեղի ունեցած ‪ՀԱՊԿ‬ ԱԳՆԽ (Արտաքին գործերի նախարարների խորհուրդ) նիստում հայտարարություն է ընդունվել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: «Հայտնում ենք մեր աջակցությունը ԼՂ խնդրով Վիեննայում մայիսի 16-ին և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղմանը», - ասվում է հայտարարության մեջ:

«Հաստատելով Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը, հայտնում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված խնդրի կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ազգերի ինքնորաշման սկզբունքների հիման վրա», - նշված է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ:

Ընթերցեք նաև. ԱԳ նախարար. ԱԳՆԽ նիստի ուշադրության կենտրոնում էր ՀԱՊԿ 2025թ. հավաքական անվտանգության ռազմավարությունը