Բաղդադում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 250-ի
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին 213 զոհի մասին:
Պայթյունը որոտացել էր հուլիսի լույս 4-ի գիշերը Իրաքի մայրաքաղաքի շիաներով բնակեցված թաղամասում: Պայթյունի հետևանքով որոշ շենքերում հրդեհ է բռնկվել: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Իր հրաժարականի մասին է հայտարարել Իրաքի ՆԳՆ ղեկավար Մուհամմադ Սալիմ Ալ Գաբբային, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:
Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբադին եռօրյա սուգ էր հայտարարել երկրում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Հեյդար ալ Աբադիին՝ Բաղդադի Ալ Քարադե թաղամասում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, «Հայաստանը խստորեն դատապարտում է այդ ահաբեկչությունը, որի նպատակը ինչպես Իրաքում, այնպես էլ տարածաշրջանում անկայունության նոր ալիք հրահրելն է: Մարտի դաշտում իրաքյան բանակի տարած հաղթանակներից խուճապահար ահաբեկիչները նենգորեն իրենց թիրախն են դարձնում քաղաքացիական անձանց: Ռամադան սուրբ ամսվա ընթացքում խաղաղ բնակչության նկատմամբ այս սոսկալի հանցագործությունները որևէ արդարացում չունեն: Մեր զորակցությունն ենք հայտնում բարեկամ Իրաքին՝ երկրի տարածքում ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելուն ուղղված վճռական ջանքերում», - նշվում է Սարգսյանի հեռագրում։
ԻՊ-ն 2016-ի ապրիլ-մայիսին մի շարք ահաբեկչական գործողություններ է իրականացրել Բաղդադում: