6 հուլիսի 2016 - 13:46 AMT
Թուրքական Քեմերի քաղաքապետը «պատժվել է» զոհված ռուս օդաչուի ընտանիքին տուն նվիրելու նախաձեռնության համար

Թուրքական Անթալիա գավառի Քեմեր քաղաքի քաղաքապետ Մուստաֆա Գյուլը, որն առաջարկել էր տուն նվիրել Սիրիայում զոհված ռուս օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքին, որոշում է կայացրել հեռանալ Ազգայնական շարժման կուսակցությունից:

Այդ քայլին նա դիմել է, թանի որ նվիրատվության մտադրության պատճառով նրա անձնական գործը ներկայացվել է կուսակցության կարգապահական խորհրդի քննարկմանը: Գյուլի հետ հրաժարական է տվել նրա կինը, որը քաղխորհրդի անդամ էր այդ կուսակցությունից, ինչպես նաև շրջանի ղեկավարն ու կուսակցության ևս 42 անդամ, հայտնում է «ՄԿ-Թուրքիան»:

Քաղաքապետի գործողությունները կասկածներ են առաջացրել Ազգայնական շարժման կուսակցության նախագահ Դևլեթ Բախչելիի և մյուս կուսակիցների մոտ, որոնց կարծիքով քաղաքապետը գերազանցել է իր լիազորությունները:

Մուստաֆա Գյուլը տիկնոջ` Նեշե Գյուլի հետ, ժամանել է իր գրասենյակ և հայտարարություն է ստորագրել հրաժարականի մասին, որը հետո ուղղվել է կուսակցության կենտկոմ:

Գյուլը նշել է, որ միջադեպի պատճառով, կապված Սիրիայում թուրքերի կողմից խոցված ինքնաթիռի հետ, տարածաշրջանի զբոսաշրջային ոլորտը մեծ կորուստներ է կրել:

«Երբ ես լսեցի, որ նախագահ Էրդողանը մտադիր է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահի հետ, ես մտածեցի, թե ես ինչով կարող եմ նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Հասարակական կազմակերպությունների հետ մենք մտածեցինք, որ կարելի է տուն նվիրել զոհված օդաչուի ընտանիքին: Այստեղ սխալ հասկանալու բան չկա: Բոլորը գիտեն, որքան հզոր են իմ հայրենասիրական և ազգայնական զգացմունքները»,-ասել է Գյուլը:

Ռուսաստանի հյուպատոսի հետ հանդիպումից հետո Գյուլը լրագրողներին ասել է, որ իրենք շատ են ուրախացել` լսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին տեղեկությունները: Գյուլի խոսքով այն պարագայում, երբ պետությունն արդեն ճանապարհ է բացել ռուս զբոսաշրջիկների վերադարձի համար, իրենք էլ ցանկացել են իրենց ավանդն ունենալ այս գործում:

Միաժամանակ, զոհված օդաչուի ընտանիքը հրաժարվել է ընդունել Թուրքիայից ցանկացած տեսակի փոխհատուցում, Ռուսական ինքնաթիռի խոցման հետևանքով լարված ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկիզբ դրվեց օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին հղած նամակից հետո: Էրդողանը նամակում ափսոսանք էր հայտնել կատարվածի համար, զոհված ռուս օդաչուի ընտանիքին էլ ցավակցություն էր հայտնել և ներողություն խնդրել այդ ընտանիքից: