6 հուլիսի 2016 - 15:13 AMT
ԱԺ փոխխոսնակ. ՀԱՊԿ ԱԳ նախարարների հայտարարությամբ պաշտպանվեցին Հայաստանի շահերը

Միշտ չէ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ բոլոր երկրներն արտահայտել են այն դիրքորոշումները, որը բխել է ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշման և ՀԱՊԿ գործընկեր Հայաստանի Հանրապետության շահերից, սակայն հուլիսի 4-ի ՀԱՊԿ արտգործնախարարների հայտարարությամբ պաշտպանվեց Հայաստանի շահերն ու հակահարված հասցվեց Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակում անցկացված նիստում արտգործնախարարների արած համատեղ հայտարարության մասին, հայտնում է Tert.am-ը:

«Թե՛ Հայաստանի Հանրապետության նախագահը, թե՛ մենք՝ որպես ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահության ներկայացուցիչներ և ես՝ որպես նախագահ, բազմիցս նշել ենք այն կարևորությունը, որ ՀԱՊԿ անդամ երկրները բացառապես պետք է ձգտեն պաշտպանել միջազգային հարթակներում միմյանց դիրքորոշումը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը և հիշեցրել, որ նախագահ Սերժ Սարգսյանն էլ վերջին ՀԱՊԿ խորհրդի նիստում նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները չեն հետաքրքրվել՝ իրենց դաշնակից երկրում ինչ իրավիճակ է:

Շարմազանովը մատնանշել է հայտարարության այն կետերը, որոնք առանցքային էին և հիշարժան. «Ըստ հայտարարության՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների պաշտոնական դիրքորոշումն է, ընդունում են, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով՝ նշելով երեք հայտնի սկզբունքները, այդ թվում, որը շատ կարևոր է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը: ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները, մասնավորապես հենց Ղազախստանն էլ, որի նախագահը հայտնի է եղել ադրբեջանամետ քաղաքականությամբ, այստեղ՝ Երևանում, վերահաստատում են, որ ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է»:

Էդուարդ Շարմազանովն ուշադրություն է հրավիրել հայտարարության մեկ այլ կարևոր հատվածի վրա ևս. «Հստակ նշվում է հայտարարության մեջ, որ խնդիրը պետք է լուծվի համանախագահության ձևաչափով: Այսինքն՝ նորություն չէ, որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, ինչու՞ չէ նաև այլ թուրքալեզու երկրներ, մշտապես ցանկացել են մեծացնել Թուրքիայի դերն այս տարածաշրջանում՝ խցկելով նրան որպես միջնորդ կողմ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այս հայտարարությամբ և՛ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես համանախագահող երկիր, թե՛ Ղազախստանը, թե՛ Բելառուսը, որոնք լավ հարաբերություններ ունեն թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ, վերահաստատում են, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի նախագահության ձևաչափով: Թուրքիան այստեղ անելիք չունի»:

Ըստ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի՝ հայտարարության մեջ մյուս կարևոր մասն այն է, որ արտգործնախարարները վերահաստատեցին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

«Սա հստակ արձագանք է Ադրբեջանի ապակառուցողական հայտարարություններին, որոնք արվել են Սանկտ Պետերբուրգի հայտարարություններից հետո, երբ Ադրբեջանը հետքայլ կատարեց և գրեթե հրաժարվեց ներդնել հետաքննության մեխանիզմները, ինչը ամրապնդված էր Վիեննայի փաստաթղթում: Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես համանախագահ երկիր, առաջինը ցույց տվեց, որ նա համամիտ չէ պաշտոնական Բաքվի այդ հայտարարության հետ և վստահության մեխանիզմների ներդրումը առաջնային է»,- ասել է Էդուարդ Շարմազանովը` ավելացնելով, որ հատկանշական է, որ այդ դիրքորոշումը պաշտպանում են նաև Ղազախստանը և Բելառուսը:

«Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ղազախստանը, որը նախկինում ունենում էր հնարավորինս չեզոք դիրքորոշում, երբեմն նույնիսկ ադրբեջանամետ քաղաքականություն, հաստատեցին այն սկզբունքները, որը պաշտպանել էր հայկական կողմը: Սա կարելի է համարել հաջողություն: Միգուցե մենք մեծ քաղաքական թոհուբոհի մեջ դա չէինք նկատել, բայց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հայտարարությունը գոնե երեք կետով հակահարված էր Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը»,- ամփոփել է իր խոսքը Էդուարդ Շարմազանովը:

Հուլիսի 4-ին ‪Երևան‬ում տեղի ունեցած ‪ՀԱՊԿ‬ ԱԳՆԽ (Արտաքին գործերի նախարարների խորհուրդ) նիստում ընդունվել են ղարաբաղյան հակամարտության և սիրիական ճգնաժամի վերաբերյալ հայտարարություններ: «Հայտնում ենք մեր աջակցությունը ԼՂ խնդրով Վիեննայում մայիսի 16-ին և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղմանը», - ասվում է հայտարարության մեջ:

«Հաստատելով Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը, հայտնում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված խնդրի կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ազգերի ինքնորաշման սկզբունքների հիման վրա», - նշված է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ: