6 հուլիսի 2016 - 17:31 AMT
Մոուրինիո. Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է ակումբի նոր ձեռքբերումների մասին` անդրադառնալով նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է Armsport.am-ը:

«Մենք ձեռք ենք բերել Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստներին: Ընդ որում` ոչ թե երկրպագուների կողմից, այլ ֆուտբոլիստների կողմից լավագույնը ճանաչված: Երբ դու ճանաչվում ես լավագույնը ֆուտբոլիստների որոշմամբ, դա շատ մեծ բան է նշանակում: Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է: Ինձ համար տպավորիչ են հատկապես նրա խփած գոլերը: Նրա գոլային փոխանցումների թիվն արդեն իսկ խոսում է բարձր կարգի և ստեղծարար ֆուտբոլ խաղալու մասին: Հուսով ենք, որ նա կկարողանա ավելացնել տեմպը»,- ասել է նա:

«Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել նաև Զլատան Իբրահիմովիչը:

Հուլիսի 2-ին Դորտմունդի «Բորուսիան» հաստատեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին տեղեկությունները:

Ըստ գերմանական Bild-ի, «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն կվճարի Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվում է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

Նախորդ խաղաշրջանում Մխիթարյանը գերմանական ակումբում 52 հանդիպման է մասնակցել, 23 գոլ է իրացրել և 32 արդյունավետ փոխանցում կատարել: Հայաստանի հավաքականի կազմում Մխիթարյանը 59 հանդիպման է մասնակցել և 19 գոլի հեղինակ դարձել:

Ընթերցեք նաև. Գյունդոգան. Մխիթարյանը «Բորուսիայի» ամենակարևոր խաղացողն էր վերջին խաղաշրջանում