6 հուլիսի 2016 - 18:50 AMT
«Երազանքս իրականացավ». «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Մխիթարյանին

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող:

«Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյուին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը:

Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, իր հերթին, հայտարարել է, որ Մխիթարյանը շատ տաղանդավոր խաղացող է ու անչափ կարևոր է եղել ակումբի ու հավաքականի համար: «Նա իսկական թիմային խաղացող է, մեծ վարպետությամբ, գոլային հոտառությամբ: Ես ուրախ եմ, որ նա ընտրել է «Յունայթեդը», - նշել է նա:

Հուլիսի 2-ին Դորտմունդի «Բորուսիան» հաստատեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին տեղեկությունները:

Ըստ գերմանական Bild-ի, «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն կվճարի Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվում է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

Ընթերցեք նաև. Գյունդոգան. Մխիթարյանը «Բորուսիայի» ամենակարևոր խաղացողն էր վերջին խաղաշրջանում