7 հուլիսի 2016 - 12:34 AMT
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում առաջին հանդիպումը կանցկացնի «Բորուսիայի» դեմ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում առաջին խաղն անցկացնելու է իր նախկին թիմի` Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Այդ մասին հայտնի է դարձել Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցից, որը նա տվել է MUTV-ին անգլիական ակումբի հետ պայմանագիր կնքելու մասին պաշտոնական հայտարարությունից անմիջապես հետո:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է զգում, իմանալով, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում առաջին հանդիպումը լինելու է Չինաստանում` դորտմունդցիների հետ` Մխիթարյանն ասել է. «Մի քիչ տարօրինակ կլինի առաջին խաղում հանդիպել նախկին թիմակիցների հետ: Ամեն դեպքում «Մանչեսթեր Յունայթեդն» իմ նոր թիմն է և ես պետք է ընտելանամ դրան»:

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյուին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը:

Ընթերցեք նաև. «Երազանքս իրականացավ». «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Մխիթարյանին