Հայտնի ակորդեոնահար, արգենտինյան չամամե երաժշտական ժանրի կատարող Ռաուլ Բարբոզան հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, առաջին անգամ համերգ կտա Հայաստանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:
Համերգային հագեցած ու ինքնատիպ ծրագիրը Բարբոզան կներկայացնի իր տրիոյի հետ միասին, որում ընդգրկված են նաև կիթառահար Դանիել Դիազը և կիթառահար Նորբերտո Պեդրեյրան: Միջոցառումը նվիրվում է Արգենտինայի անկախության 200-ամյակին:
Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահի և ՀՀ-ում Արգենտինայի դեսպան հետ գործակցությամբ, գլխավոր հովանավորը Կոնվերս բանկն է:
Արգենտինյան չամամե երաժշտության (հյուսիսամերիկյան հնդկացիների` գուարանի ցեղին պատկանող երաժշտությունն է), մի շարք կատարողների մեջ հենց Ռաուլ Բարբոզան էր, որը թե՛ երաժշտական առումով, թե՛ աշխարհագրորեն ավելի հեռու է տարել արգենտինական Լիտորալ շրջանին բնորոշ այս ժանրը: Ակորդեոն նվագելու եզակի տեխնիկային տիրապետելուց բացի` Բարբոզան գրեթե 20 տարի նաև որպես կոմպոզիտոր է ներկայանում:
Երևանում լրագրողների հետ հանդիպմանը Բարբոզան ներկայացրեց իր երաժշտական ուղղին՝ պատմելով, որ հայրը` Ռաֆայել Բարբոզան, գուարանի ծագմամբ (Արգենտինայում հյուսիսամերիկյան հնդկացիների ցեղ է) երաժիշտ էր: Երբ ինքը 7 տարեկան էր, հայրը նրան փոքր ակորդեոն է նվիրում: Ռաուլիտոն, ինչպես նրան անվանում էին այդ ժամանակ, արագորեն հմտանում է գործիքը նվագելու մեջ` դրա հետ միասին սովորելով նաև գուարանիներին բնորոշ չամամե գյուղական երաժշտությունը: Բարբոզան նշեց, որ ինքնուս երաժիշտ է, հատուկ կրթություն չի ստացել:
«Լինել ինքնուս նշանակում է հետաքրքասեր լինել», - նշեց ակորդեոնահարը:
1964-ին՝ 12 տարեկանում, Բարբոզան ձայնագրում է իր առաջին պրոֆեսիոնալ սկավառակը, չնայած դեռ ավելի վաղ՝ 9 տարեկանում, նրա կատարմամբ երաժշտությունը հաղորդում էին ռադիոյով:
Բարբոզան գործունեություն է ծավալել նաև Բրազիլիայում, 70-ականներին մեկնել համերգային շրջագայության Խորհրդային Միություն, իսկ ավելի ուշ` Ճապոնիա:
«Երբ 15 տարիս լրացավ, հայրս ինձ տարավ Իտալիայից եկած մի ընտանիքի մոտ, որն ակորդեոններ էր պատրաստում: Ինձ համար գործիք էին սարքել, որի վրա փորձարկեցի բոլոր հնարավոր ակորդները: Ակորդիոնի այն տեսակը, որի վրա նվագում եմ, բացի սպիտակներից, դաշնամուրի պես ունի նաև սև ստեղներ, որոնց շնորհիվ կարելի է նվագել ցանկացած տեսակի երաժշտություն:
Իսկ չամամե երաժշտությունը, որը մեր երկիր է եկել միսիոներների միջոցով, մազուրկայի և պոլկայի համադրում է», - ասաց Բարբոզան:
«Կարծում եմ, երաժշտությունն ինձ համար անգիտակից մի միջոց է, որով արտահայտում եմ իմ ուրախությունն ու տխրությունը: Միշտ լսում էի տարատեսակ ժանրերում մեծ երաժիշտների կատարումը և այդ երաժշտությունն այլ կերպ արտահայտում իմ ակորդիոնի միջոցով, փորձում էի իրականացնել այդ ամենն այն «տարածքի» մեջ, որն ակորդիոնն է»:
Չամամե երաժշտւթյան մասին Բարբոզան նաև ասում է.
«Չամամեն բուն էթնիկ երաժշտություն չէ, այն կիսառիթմիկ երաժշտություն է, որն աջ ձեռքում նվագում են երկմաս տեմպում, իսկ ձախ ձեռքում` եռամաս տեմպում: Հենց սա է, որ բարդացնում է այս երաժշտությունը, և նրանք, ովքեր տանգո են նվագում, մեծ դժվարությամբ են նվագում չամամե»:
Հիսուն տարեկան հասակում, Բարբոզան որոշել է կարիերան շարունակել Փարիզում և հենց այնտեղ էլ ձայնագրել իր Charles Cross սկավառակը: 2009-ին ձայնագրում է «Ձմեռը Փարիզում» ձայնասկավառակը` կիթառահար Հորասիո Կաստիլյոյի հետ միասին:
Երաժիշտը պատմեց նաև, որ Փարիզում համերգներ տալուց բացի` նա նաև սովորեցնում էր չամամեի արվեստը, որովհետև մարդիկ, որոնք սկսել են չամամե նվագել լսողությամբ, ինչպես հենց ինքը, երբեք չեն պատկերացրել` որքան բարդ այն կարող է լինել:
«Չամամե սովորեցելու համար պետք է կարողանալ երաժշտություն գրել: 78 տարեկան եմ, 71 տարի նվագում եմ, սակայն միայն 10 տարի է, որ, կարելի է ասել, սովորեցի չամամե երաժշտությունը գրառել՝ նոթագրել: Միշտ լսողությամբ եմ նվագում»:
Խոսելով Հայաստան այցի մասին, երաժիշտը նշեց.
«Հայաստանի մասին գիտեի թերթերից, ամսագրերից, իսկ դպրոցում հայ ընկեր և ընկերուհի ունեի, որոնցից և իմանում էի Հայաստանի մասին: Որտեղ որ գնում եմ, փորձում եմ ճանաչել, հասկանալ մշակույթը, լեզվական կառուցվածքները, մարդկանց, երբ ստացվում է՝ հետաքրքրությունը դառնում է ուրախություն: Այսօր պետք է փորձեմ երաժշտության միջոցով արտահայտել սերն ու հարգանքը Հայաստանի հանդեպ»:
Համերգի Գլխավոր հովանավոր՝ Կոնվերս բանկի խորհրդի անդամ, արգենտինացի Խուան Կառլոս Օսկոիդին, նշեց, որ համերգը մասնավոր և մշկութային սեկտորների գործակցության արդյունք է:
«Մենք դեսպանատան հետ համատեղ իրականացնում ենք մի շարք մշակութային միջոցառումներ, որսպեսզի երկու բարեկամ երկրի միջև մշակութային փոխանակում լինի», - պարզաբանեց Օսկոիդին:
ՀՀ-ում Արգենտանային դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան նույնպես նշեց, որ նմանատիպ երաժշտական միջոցառումները կսերտացնեն երկու բարեկամական երկրի հարաբերությունները: