7 հուլիսի 2016 - 16:42 AMT
Սոցփաթեթների հանգստի բաղադրիչը 2016-ի համար կգործի

Սոցիալական փաթեթներով առաջարկվող հանգստի բաղադրիչը 2016 թվականի համար գործելու է. այն կասեցվելու միայն 2017 թվականից: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին է հայտարարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Բաղադրիչն այս տարի գործելու է, բնականաբար: Այս պահի դրությամբ՝ 2017-ի համար միջնաժամկետ ծախսերի ծրագրով այդ մասով ծախսեր նախատեսված չեն», - նշել է նախարարը:

Ըստ նախարարի՝ պետբյուջեում սոցփաթեթի հետ կապված միջոցների ծավալը կազմում է 10 մլրդ դրամ, իսկ դրանից օգտվողների թիվը հասնում է 100 հազարի:

«Չարաշահումները հետևյալում են. շատ դեպքերում չմատուցված ծառայությունների դիմաց կատարվում են վճարումներ, այդ կարգի խնդիրներ են եղել: Վարչապետի ներկայացրած տեղեկատվությունն ունի օբյեկտիվ հիմք, և ամբողջական պատկերը ներկայացնելուց հետո որոշումը կկայացվի: 2016-ի հետ կապված որևէ խնդիր չկա», - հավելել է նախարարը:

Կառավարության հուլիսի 7-ի նիստում որոշվել է կասեցնել սոցփաթեթների հանգստի բաղադրիչը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում նշել է, որ սոցիալական փաթեթների՝ հանգստի վերաբերյալ բաղադրիչում չարաշահումները շարունակվել են: Վարչապետն ասել է, որ այդ առումով ֆինանսների նախարարը առաջարկել է ռադիկալ լուծում, ըստ որի՝ 2017-2019 թթ-ի սոցփաթեթում թողնել միայն առողջապահության բաղադրիչի ֆինանսավորումը:

«Հարկ է ժամանակավոր կասեցնել միայն հանգստի բաղադրիչը: Այսինքն` մենք առայժմ դա կասեցնում ենք»,-ասել է նա և էկոնոմիկայի նախարարին հանձնարարել սոցիալական փաթեթները լրամշակել և ներկայացնել կառավարության նիստին:

Ընթերցեք նաև. Սոցփաթեթների հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կկասեցվի. Չարաշահումներ կան