3 ապրիլի 2007 - 17:50 AMT
Սերգեյ Լավրով. Հայ-ռուսական հարաբերությունները վերելքի վրա են
Այսօր հայ-ռուսական հարաբերությունները վերելքի վրա են եւ ակնհայտ է դրանց խորացումն ու ամրապնդումը: Այդ մասին ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անցած 15 տարիները, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ համագործակցության մասին Մեծ պայմանագրի կնքումից անցած 10 տարիները կարեւոր փուլ դարձան հայ-ռուսական հարաբերություններում: «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների համար 10-15 տարին մեծ ժամանակաշրջան չէ, մեր բարեկամությունն ու համագործակցությունը դարերի պատմություն ունեն: Այսօր մենք ռազմավարական գործընկերներ ենք, Հայաստանը ՀԱՊԿ-ի ակտիվ մասնակից է, չնայած ՆԱՏՕ-ի ծրագրերում երկրի ընդգրկվածությանը: Հայաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն համագործակցում են բոլոր բնագավառներում` տնտեսություն, մարդասիրական ասպարեզ, մշակույթ: Համագործակցության ընդլայնման եւ հեռանկարների մասին են խոսել նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը սույն տարվա հունվարին Սոչիում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Իր հերթին, Վարդան Օսկանյանն ընդգծել է, որ բանակցությունները երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջեւ արդյունավետ են անցել: Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լայն շրջանակ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցն ու Իրանի խնդիրը: «Հանդիպման օրակարգը շատ ընդարձակ էր, մասնավորապես, շեշտը դրվել է անվտանգության, տրանսպորտային հեռահաղորդակցության հարցերում, ինչպես նաեւ էներգետիկայի բնագավառում համագործակցության խնդրի վրա»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: