8 հուլիսի 2016 - 15:24 AMT
Նախարար. Ավիատոմսերի գնագոյացման բացահայտումը պետք է վերանայել

Հայաստանն ուսումնասիրում է Վերին Լարսը շրջանցող ճանապարհների տարբերակները: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Հուլիսի 7-ին վարչապետը հանձնարարեց՝ քննարկումներ իրականացրել լրացուցիչ ուղղություններով հեշտացնելու ապրանքների արտահանումը ՀՀ-ից, այդ թվում՝ տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության անդամ-պետություններ, Ռուսաստան:

Մենք հիմա մի քանի լրացուցիչ տարբերակներ ևս ուսումնասիրում ենք, այդ թվում՝ փորձում ենք կիրառել կամ օգտագործել ԵՏՄ հնարավորությունները, ՌԴ-ՀՀ դաշնակցային հարաբերությունները բեռնափոխադրումը օդային եղանակով իրականացնելու համար, բայց այնպիսի դեպքերում, երբ անհրաժեշտ է կա՛մ արտակարգ իրականացում՝ մատչելի գումարի դիմաց, կա՛մ սեզոնայնության համատեքստում, երբ անհրաժեշտ է, օրինակ, թարմ ապրանքը, մասնավորապես, գյուղմթերքը, հասցնել շուկա այդ տեսքով»,- նշել է Մինասյանը, գրում է Tert.am-ը:

Բեռնափոխադրումների հարցը, Մինասյանի խոսքով, ուղևորափոխադրումների հետ նույնացնել պետք չէ, իսկ ավիացիայի ոլորտում Լարսի փակումից հետո գնագոյացման հարցը մտահոգիչ է:

«Համակարգը մանրամասն ուսումնասիրում ենք: Կարծում եմ, որ սա թե՛ Էկոնոմիկայի նախարարության, թե՛ ՏՄՊՊՀ-ի քննարկման հարց պետք է լինի: Չկա լիարժեք արդյունք, դրա համար չեմ կարող հրապարակել որևէ կոնկրետ միջանկյալ կամ վերջնական արդյունք: Ավիափոխադրումների գնագոյացման դեմպինգային գործողությունների բացահայտման համար լուրջ վերանայումների կարիք ունենք: Հեշտ հարց չէ: Զարգացած երկրներն իրենք էլ բախվում են թաքնված դեպինգային գործողությունների»,- նշել է նախարարը:

Հարցին, թե Լարսի անանցանելիությունը ի՞նչ վնաս է հասցրել տնտեսությանը, Մինասյանն ասել է, թե թվային պատկեր հիմա ներկայացնել չի կարող, բայց ազդեցությունը բացասական է:

Հուլիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` ներկայացնելով, որ ավիատոմսերի գների կտրուկ բարձրացում է գրանցվել:

կարդացեք նաև՝ Չիլինգարյան. ՌԴ չվերթերի տոմսերը թանկացել են Լարսի փակվելուց հետո

Լարսի փակմամբ արտահանողների կրած վնասները գործադիրը չի փոխհատուցի