8 հուլիսի 2016 - 17:22 AMT
Ադրբեջանցիները հրաձգային զենքից կրակել են Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի ուղղությամբ

Հուլիսի 8-ի առավոտյան, ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա, հայտնում է Yerkir.am-ը:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն ասել է, որ ինքն անձամբ չի լսել կրակոցները, քանի որ Նոյեմբերյան գնալու ճանապարհին է եղել, և միայն հետ գալիս տեսել է ճանապարհին կանգած պարեկապահակային ծառայության մեքենաները ու իմացել, որ կրակել են:

«Նոյեմբերյան գնալուց առաջ էլ եղել եմ գյուղապետարանում, որն ամենամոտն է Ադրբեջանին, բայց որևէ կրակոց չեմ լսել»,- ասել է Սահակյանը: Նա նաև ասել է, որ նշված հատվածում երթևեկը մոտ մեկ ժամով կատարվել է շրջանցիկ` Հարսնաքարով ձգվող ճանապարհով: