9 հուլիսի 2016 - 10:27 AMT
Սարգսյանն ու Քերին քննարկել են Պուտին-Օբամա հեռախոսազրույցում ԼՂ կարգավորմանն անդրադարձը

Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ի երեկոյան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության նախագահը ցավակցություն է հայտնել պետքարտուղար Քերիին` ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

Նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը` ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը: Հանդիպման առիթով Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել պետքարտուղար Քերիին` Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ սանձազերծված ապրիլյան ագրեսիայի պատճառով հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակից դուրս գալուն միտված գործուն քայլերի համար, նաև որոնց արդյունքում կայացան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն ու ընդունվեցին համատեղ հայտարարություններ:

Սերժ Սարգսյանը և Ջոն Քերին անդրադարձել են հուլիսի 6-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քննարկված հարցերին: Զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ կենսագործումը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

ՀՀ նախագահն աշխատանքային այցով գտնվում է Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը ղարաբաղյան կարգավորումը քննարկելու ևս մեկ հնարավորություն է: