9 հուլիսի 2016 - 12:00 AMT
Անկարան մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ կողմից Ցեղասպանության հերքման քրեականացումը

Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանժու Բիլգիչն արձագանքել է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխությունների ընդունմանը, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար:

Հուլիսի 1-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատը, ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը:

ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական կողմը ուշադրությամբ հետևել է փոփոխությունների փաթեթի պատրաստման և ընդունման գործընթացին:

Նշվում է, որ այս տեսքով ընդունումը խոսքի ազատության սահմանափակման լուրջ ռիսկեր է պարունակում, գրում է Ermenihaber.am-ը:

«Բնականաբար մենք կշարունակենք հետևել այս դեռևս օրենքի ուժ չստացած բանաձևի հետ կապված զարգացումներին Ֆրանսիայի սենատում: Մենք սպաում ենք, որ սենատը բանաձևից դուրս կթողնի խոսքի ազատության սահմանափակումներ պարունակող տարրերը»,- ասված է հայտարարության մեջ:

«Հավասարության ու քաղաքացիության» մասին օրենքի փոփոխությունը նախատեսում է 45000 եվրո տուգանք ու 1 տարվա ազատազրկում մարդկության դեմ հանցագործությունների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար: Օրինագծի ընդունումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումն էր:

Կարդացեք նաև՝ Նալբանդյան. Հույս ունենք, որ Ֆրանսիայի Սենատը կհաստատի երկրի ԱԺ-ի որոշումը