9 հուլիսի 2016 - 15:20 AMT
Սարգսյան-Օլանդ հանդիպումը. Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծն ու ԼՂ հիմնախնդիրը

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 9-ին Վարշավայում հանդիպել է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Վարշավայում անցկացվում է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպումը:

Սարգսյանը երախտագիտություն է հայտնել վերջերս Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի ընդունման համար, որում մեծ է Նախագահ Օլանդի անձնական ներդրումը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: ՀՀ նախագահը մեծապես կարևորել է Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի, ակտիվ դերակատարությունը բանակցային ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում և շնորհակալություն հայտնել Նախագահ Օլանդին նաև անձնական ջանքերի հետևողական ներդրման համար։

Սարգսյանը և Օլանդը երկուստեք կարևորել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ընդունված հայտարարություններում ամրագրված դրույթների անվերապահ կատարումը: Նախագահները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի առաջմղման հեռանկարի շուրջ:

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր հարցերում Օլանդի հետևողական աջակցության և կարևոր դերակատարման համար, ընդգծելով, որ Հայաստանում իրապես հպարտանում են Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալու իրողությամբ:

Նախագահը փաստել է, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը տարիների ընթացքում նկատելիորեն ընդլայնվել է. ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը:

Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, հուլիսի 9-ին ելույթ ունենալով Վարշավայում` Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում:

«Հայաստանը խաղաղության և անվտանգության ակտիվ ջատագով է նաև մեր տարածաշրջանում և մշտապես հանդես է եկել մեզ համար խիստ կարևոր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման դիրքերից: Սույն թվականի մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բարձր ներկայացուցիչների՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարությամբ վերահաստատվեց, որ հիմնախնդիրը չի կարող ռազմական լուծում ունենալ, և ընդգծվեց 1994 թվականի հրադադարի և 1995 թվականի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի հարգման կարևորությունը»,-ասել է նախագահը:

Կարդացեք նաև՝ Սարգսյանն ու Քերին քննարկել են Պուտին-Օբամա հեռախոսազրույցում ԼՂ կարգավորմանն անդրադարձը