9 հուլիսի 2016 - 17:50 AMT
Նալբանդյան. Վարշավայում քննարկվել են ԼՂ կարգավորման շուրջ եռանախագահների առաջարկները

Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Հայաստանը մասնակցում է այն մասով, որը վերաբերում է Աֆղանստանին, ավելի կոնկրետ` Աֆղանստանի անվտանգության աջակցման ուժերի առաքելության մասնակցությանը։ Հայաստանն արդեն յոթ տարի է, ինչ մաս է կազմում այդ առաքելության։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Վարշավայում Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը:

«Բայց, իհարկե, այս գագաթաժողովը նաև տարբեր հանդիպումների լավ առիթ է, և Հանրապետության նախագահը կարևոր հանդիպումներ ունեցավ: Քիչ առաջ հանդիպում կայացավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Երեկ երեկոյան նաև պետքարտուղար Քերիի հետ: Երկկողմ հարաբերությունների, բազմաթիվ այլ հարցերի շարքում քննարկվեցին նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր։ Առաջին հերթին, դա վերաբերում էր այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և վերահաստատվել Սանկտ-Պետերբուրգում», - ասել է Նալբանդյանը։

Նա շեշտել է, որ ադ պայմանավորվածությունները եթե իրականացվեն, համապատասխան պայմաններ կստեղծվեն, ինչպես որ մենք բազմիցս ասել ենք, խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:

«Եվ գլխավոր թեման հենց սա էր։ Խոսքը գնում է, գիտեք, հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին։ Եռանախագահող երկրները ներկայացրել են կոնկրետ առաջարկներ։ Չնայած Ադրբեջանը ձևացնում է, թե չգիտի ինչի մասին է խոսքը, բայց եռանախագահող երկրները բավական մանրամասն առաջարկներ են ներկայացրել, և Հայաստանը արձագանքել է և տվել է իր, ընդհանուր առմամբ, դրական կարծիքը այս մեխանիզմի ստեղծման առնչությամբ», - հայտնել է ԱԳ նախարարը:

Նրա խոսքով, Վիեննայից և Սանկտ-Պետերբուրգից հետո Ադրբեջանը փորձեր է կատարում հետ կանգնել այդ պայմանավորվածություններից` ձևացնելով, թե այդպիսի պայմանավորվածություն ընդհանրապես ձեռք չի բերվել։

Չնայած եռանախագահող երկրները Վիեննայի գագաթաժողովի արդունքում հրապարակած իրենց հայտարարության մեջ հստակ ասում էին, որ նախագահները պայմանավորվել են այդպիսի մեխանիզմի ստեղծման մասին:

«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների ընդլայնմանը և թվաքանակի ավելացմանը: Նույն պատմությունն է. չնայած Վիեննայից և Սանկտ-Պետերբուրգից բավական ժամանակ է անցել, բայց Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում է նաև այս պայմանավորվածության իրագործմանը: Սրան էին վերաբերում հիմնական քննարկումները: Նաև սրա մասին էինք խոսում եռանախագահների հետ։

Վարշավայում երեկ ես նաև հանդիպում ունեցա եռանախագահների հետ։ Իրենք ևս գտնվում էին այստեղ: Մենք կարծում ենք, որ այս պայմանավորվածությունների շուրջ մենք շարունակելու ենք քննարկումները. տեսնենք, թե ինչպես կարելի է իրագործել», - ասել է Նալբանդյանը:

«Գիտեք, որ ՆԱՏՕ-ն ընդհանրապես չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները բազմիցս ասել են այդ մասին: Եվ այն ձևակերպումները, ես կասեի` ընդհանրական ձևակերպումները, որոնք վերաբերում են հիմնախնդիրների կարգավորմանը, որոնք տեղ են գտնում այս գագաթաժողովների հայտարարություններում, հռչակագրերում, Ադրբեջանը նորից փորձեր է կատարում ձևացնել, թե դա աջակցություն է իր մոտեցումներին: Իհարկե այդպես չէ»:

Նալբանդյանի խոսքով, Բաքուն փորձում է դրանով հիմնավորել իր ռազմատենչ հայտարարությունները, գործողությունները, որոնք հակադրվում են միջազգային հանրության մոտեցմանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, հուլիսի 9-ին ելույթ ունենալով Վարշավայում` Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում:

«Հայաստանը խաղաղության և անվտանգության ակտիվ ջատագով է նաև մեր տարածաշրջանում և մշտապես հանդես է եկել մեզ համար խիստ կարևոր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման դիրքերից: Սույն թվականի մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բարձր ներկայացուցիչների՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարությամբ վերահաստատվեց, որ հիմնախնդիրը չի կարող ռազմական լուծում ունենալ, և ընդգծվեց 1994 թվականի հրադադարի և 1995 թվականի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի հարգման կարևորությունը»,-ասել է նախագահը:

Կարդացեք նաև՝ Սարգսյան-Օլանդ հանդիպումը. Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծն ու ԼՂ հիմնախնդիրը