12 հուլիսի 2016 - 11:55 AMT
Ջավախքում ընտանիքի սպանությունը բացահայտվել է. Նոդար Ա-ն տուն էր ներթափանցել կողոպուտի նպատակով

Ջավախքում երիտասարդ կնոջ և նրա 3 անչափահաս երեխայի դաժան սպանության կասկածանքով ձերբակալված կա: Ըստ քննության, ձերբակալվել է 24-ամյա Նորդար Ա-ն., որը մտել է Վրաստանի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի բնակչուհու տունը կողոպուտի նպատակով:

Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հարևանները հայտնաբերել են 37-ամյա Օֆելյա Քաչոտյանի և նրա՝ 5, 16 և 18-ամյա երեք երեխաների՝ Սերյոժայի, Արմինեի և Ասյայի դիերը: Տանը միայն նրանք էին ապրում, իսկ հայրը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքի:

«Տան տիրուհին և ընտանիքի անդամները նկատել են գողին և դիմադրել: Նոդար Ա-ն. բութ առարկայով գլխի շրջանում մահացու հարվածներ է հասցրել կնոջն ու նրա 2 անչափահաս երեխային: Նրանք տեղում մահացել են:

Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով կասկածյալը հրկիզել է տունը և դիմել փախուստի: Ըստ նախնական տվյալների, ընտանիքի 4-րդ անդամը` 5-ամյա երեխան խեղդամահ է եղել:

Իրավապահները կասկածյալներին ձերբակալել են հանցագործության հաջորդ օրը Վաչիան գյուղում: Նա ճանաչել է մեղքը»,-ասվում է Վրաստանի ՆԳՆ մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Հարուցված է քրեական գործ, քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 109-րդ հոդվածի 3-րդ մասով` կանխամտածված սպանություն:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապես Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպի առնչությամբ իրականացվում է հետաքննություն:

Վաչիանն ամբողջությամբ հայաբնակ է: Այն գտնվում է Ախալքալաքից 6 կմ հեռավորության վրա: Այդ գյուղի տարածքով է այժմ անցնում նորաբաց՝ թուրք-վրացական Կարծախի սահմանից սկսվող միջպետական ճանապարհը: