12 հուլիսի 2016 - 14:59 AMT
Լավրով. ԼՂ շուրջ բանակցությունները մոտ են հաջողության, ինչպես երբեք

Ղարաբաղյան հակամարտության կողմերը մոտ են հաջողության, ինչպես երբեք, սակայն, դեռևս վաղ է բացահայտել մանրամասները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում է երկօրյա (հուլիսի 11-12) աշխատանքային այցով:

«Մենք հիմքեր ունենք մտածելու, որ այս անգամ շատ ավելի մոտ ենք հաջողության հեռանկարին, քան մինչ օրս էր»,-ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ հունիսի 20-ին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները չեն հրապարակվում: «Հասկանալի պատճառներով մենք չենք քննարկում այն գաղափարների մանրամասները, որոնք քննարկվել են հանդիպման շրջանակում: Երեք երկրների ղեկավարները հունիսի 20-ից հետո հատուկ պայմանավորվել են, որ խնամքով են վերաբերվելու հույսի այն ծիլերին, որ հայտնվում են: Ոչ թե այն պատճառով, որ թաքցնելու ինչ-որ բան ունենք, այլ ուղղակի դա բանակցություններում ընդունված էթիկայի նորմ է»,-հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Լավրովը նաև հայտարարել է, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը երկկողմ շփումներում քննարկում են կոնկրետ քայլերը, որոնք կարող են և պետք է առաջընթացի հանգեցնեն Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մանրակրկիտ, անկեղծ ու վստահելի խոսակցություն եղավ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Քննարկեցինք սկզբունքային առումով երկկողմ հարաբերություններն ու որոշեցինք հետագա քայլերը, որոնք կարող են և պետք է առաջընթացի հանգեցնեն ղարաբաղյան կարգավորման գործում: Լիովին կիսում եմ ձեր խոսքերն այն մասին, ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին ու ռազմավարական գործընկերությանը. դրանք զարգանում են բոլոր ուղղություններով»,-ասել է Լավրովը:

Հուլիսի 4-ին, Երևանում մասնակցելով ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի աշխատանքին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ոչ պաշտոնական երկկողմ բանակցություններ է վարել հայկական կողմի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: