13 հուլիսի 2016 - 16:28 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն հավանություն է տվել ՀՀ-ին $24.1 մլն ֆինանսական օգնությանը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեն հուլիսի 12-ին հավանություն է տվել 2017 ֆինանսական տարվա պետական և արտաքին գործողությունների և կից ծրագրերով օրինագծին, որով օգնություն է տրամադրվում նաև Հայաստանին և տարածաշրջանին: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայկական համագումարը:

2016-ի օրինագծի նմանությամբ Կոմիտեի որոշումը 2017-ի ֆինանսական տարվա վերաբերյալ չի սահմանում Հարավային Կովկասում ֆինանսավորման մակարդակներն ընդհանուր առմամբ: Սենատը հավանություն է տվել նախագծին այն պայմանով, որ ՀՀ-ին կհատկացվի $24.1 մլն ոչ ռազմական օգնություն, ինչպես նաև կոչ է արել շարունակել աջակցությունը Լեռնային Ղարաբաղին:

«Քանի որ Կոնգրեսը պետք է լրամշակի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հատկացումների մասին օրինագիծը, ԱՀՀ-ն կշարունակի պայքարել Հայաստանում ապաստանած սիրիահայերին լրացուցիչ աջակցություն հատկացնելու, ինչպես նաև ապրիլյան պատերազմի հետևանքով տուժած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի վերականգնման համար հումանիտար օգնության տրամադրման ուղղությամբ:

Հունիսի սկզբին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությանը և տարածաշրջանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու առաջարկին։ Կայացված որոշման համաձայն՝ ԱՄՆ Սենատը համաձայնվել է 24 մլն 112.000 ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունը և 10 մլն 936.000 ԱՄՆ դոլարի՝ Ադրբեջանին:

2016-ին ԱՄՆ-ն նախատեսում է բյուջեով $22 մլն 412.000 հատկացնել Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն: 2015-ի համեմատ, այդ գումարն ավելին է 22%-ով: Սակայն, 2016-ին ևս ԱՄՆ-ի բյուջեով հատկացումներ չեն նախատեսվում Լեռնային Ղարաբաղի համար։

Ընթերցեք նաև. ԱՄՆ Սենատն ընդունել է Հայաստանին ավելի քան $24 մլն տրամադրելու առաջարկը