13 հուլիսի 2016 - 16:25 AMT
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն ընդլայնվել է

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահներ են դարձել դեմոկրատ Ջեքի Սփայերը և հանրապետական Դեյվիդ Վալադաոն, երկուսն էլ՝ ընտրված Կալիֆորնիա նահանգից: Երկու կոնգրեսականը կմիանա ներկայիս համանախագահներ՝ դեմոկրատ Ֆրենք Փալոնին՝ Նյու Ջերսիից, և հանրապետական Ռոբերտ Դոլդին՝ Իլինոյսից:

Ջեքի Սփայերը Միացյալ Նահանգների՝ հայկական արմատներ ունեցող կոնգրեսականներից մեկն է:

Նաև հանձնախմբի փոխնախագահներ են դարձել դեմոկրատ Ադամ Շիֆը՝ Կալիֆորնիայից, և Դեյվիդ Թրոթը՝ Միչիգանից, հայտնում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է հանձնախմբի ընդլայնումը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներ Դոլդին և Փալոնին և նշելով, որ սպասում է համագործակցությանը նոր համանախագահների հետ՝ «հայ ժողովրդի ամերիկացի բարեկամների համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող օրենսդրությունը և այլ առաջնահերթությունները առաջ մղելու՝ հանձնախմբի աշխատանքին աջակցելու համար»: