14 հուլիսի 2016 - 12:29 AMT
ԻՊ-ն հաստատել է Ումար աշ Շիշանիի մահվան փաստը

Ահաբեկչական «Իսլամական պետությունը» հաստատել է այսպես կոչված «պատերազմի նախարար» Աբու Ումար Շիշանիի մահվան փաստը, որը հայտնի է նաև որպես Թարխան Բատիրաշվիլի: Այդ մասին հայտնում է Reuters-ը ծայրահեղականների կողմից օգտագործվող ռեսուրսների վրա հղումով:

2016-ի մարտին Աշ Շիշանիի մահվան մասին հայտարարել էր Պենտագոնը: Ասվում էր, որ ահաբեկիչը վիրավորվել է ամերիկացիների ավիահարվածի հետևանքով և հետո` մահացել: Սակայն այն ժամանակ ԻՊ-ն դա չհաստատեց: Ինչպես այն ժամանակ ասում էին պաշտոնյաները, Աշ Շիշանին Ալ Շադադի էր մեկնել Ռաքքայից, որը համարվում է ԻՊ «մայրաքաղաքը»` հանդիպելու համար գրոհայինների հետ, որոնք ծանր մարտեր են կրում տարածաշրջանում:

2015-ին ԱՄՆ-ն 5 մլն դոլար էր առաջարկել Աշ Շիշանիի մասին տեղեկությունների համար, որը հայտնի է նաև որպես Չեչեն Ումար:

Աշ Շիշանիի մահվան մասին տեղեկություններ ԶԼՄ-ներում նախկինում էլ են հայտնվել և ամեն անգամ հերքվել, հայտնում է lenta.ru-ն:

Աբու Ումար աշ Շիշանին ծնվել է 1986-ին` Վրաստանի Պանկիսի կիրճի գյուղերից մեկում: Նա ծառայել է վրացական բանակում, հետո դատապարտվել է ապօրինի զենք պահելու համար: 2012-ին նա մեկնել է Թուրքիա, դարձել է ԻՊ դաշտային հրամանատարներից մեկը: