15 հուլիսի 2016 - 09:36 AMT
Շփման գծում հակառակորդի զինծառայողներն առաջխաղացման փորձ են ձեռնարկել

Հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց:

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հուլիսի 14-ին` ժամը 22:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել են հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ և կանխել ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն:

Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով է ավելի քան 200 կրակոց:

Հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անցկացվել են ուսումնամարզական թռիչքներ: