Հուլիսի 15-ին ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել, որ շփման գծում գնդակոծության հետևանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել:
«Զոհվել է Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Մամեդով Թողրուլ Սեյեդ օղլուն»,-հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն:
Միաժամանակ, ԼՂՀ ՊՆ-ն հայտնել է, որ հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել են հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ և կանխել ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները:
ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը PanARMENIAN.Net-ին հայտնեց, որ հայկական կողմը պատասխանատվություն չի կրում այն հետևանքների համար, որոնք կարող են առաջանալ հայկական կողմի պաշտպանական և կանխարգելիչ գործողությունների ժամանակ:
Հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց: