15 հուլիսի 2016 - 11:20 AMT
Թուրքիայում հայկական եկեղեցիների բռնազավթման խնդիրը՝ ԱՄՆ Կոնգրեսում

ԱՄՆ կոնգրեսական Դեյվ Թրոթի կողմից Կոնգրեսում բարձրացվել է Թուրքիայի տարածքում հայկական եկեղեցիների խնդիրը:

«Ինձ շարունակում է մտահոգել Թուրքիայում հայկական եկեղեցիների բռնազավթման խնդիրը, այդ թվում՝ Սբ. Կիրակոս եկեղեցու խնդիրը: Սա 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետեւանքներն են», - ասել է նա:

Թուրքիայի նախարարների խորհուրդը մարտի 25-ին պետականացման որոշում է ընդունել մոտ 6.300 տարածքի ու անշարժ գույքի վերաբերյալ, որոնց շարքում են հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, ասորական ու բողոքական եկեղեցիները:

Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին գրեթե 100-ամյա լքվածությունից հետո ամբողջովին վերաբացվել էր 2012թ. նոյեմբերի 3-ին, ինչից հետո այն դարձել է տեղի հայերին միավորող կարևորագույն կենտրոն: Վերանորոգման ծախսերի մեծ մասը հոգացել էին թուրքահայ մեկենասները, մի մասն էլ տրամադրել էր Դիարբեքիրի քաղաքապետարանը:

Սբ. Կիրակոսը Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է:

Խոսելով Թուրքիայում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակին նվիրված լսումներին՝ կոնգրեսական Թրոթը նշել է, որ երբ Միացյալ Նահանգները Թուրքիային քննադատում է ժողովրդավարության դեմ ուղղված գործողությունների համար, Անկարայում հիշատակում են, որ ԱՄՆ-ի դաշնակիցն են եւ ՆԱՏՕ-ի անդամ: Դա սակայն Թուրքիային չի ազատում պատասխանատվությունից, պնդել է կոնգրեսականը, հաղորդում է Ամերիկայի Ձայնը:

Լսումներին ելույթ ունեցած փորձագետների խոսքով՝ Թուրքիայում ժողովրդավարության նվազումը պայմանավորված է մի քանի պատճառներով: Ամերիկյան Առաջընթացի կենտրոնի վերլուծաբան Ալան Մաքովսկու խոսքով՝ պատճառներից մեկը իշխանությունը սեփական ձեռքում կենտրոնացնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որոշումն է.

«Թուրքիայի ժողովրդավարությունը, որը երբեք անթերի չէր, արագորեն վատթարանում է: Գրեթե բոլոր ոլորտներում, լինեն դա լրատվամիջոցներ, դատական, քաղաքական, կառավարման համակարգ, քրդերի իրավունքները, մասնավոր ընկերությունները թե համալսարանները՝ ազատությունը նվազում է եւ իշխանությունը կենտրոնանում է նախագահ Էրդողանի ձեռքում»:

Ուիլսոնի կենտրոնի Մերձավոր Արեւելքի ծրագրի ղեկավար Հենրի Բարքիի խոսքով, Էրդողանը փորձում է կրկնել Պուտինի օրինակը՝ կառուցելով ավտորիտար համակարգ եւ բանտարկելով քաղաքացիներին իրեն քննադատելու համար.

«1845 մարդ դատապարտվել է միայն նախագահին վիրավորանք հասցնելու մեղադրանքով»:

Ազդեցիկ կոնգրեսական Դեյնա Ռորաբահերն ամփոփելով լսումները նշել է, որ պարզ է դառնում՝ Թուրքիան սխալ ուղղությամբ է ընթանում:

2016-ի ապրիլին Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամը դատական հայց է ներկայացրել եկեղեցին պետականացնելու մասին Թուրքիայի նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով:

«Եկեղեցիները և վանքերը հատուկ պահպանության տակ գտնվող մշակութային և բնական ժառանգությունների ցանկում են: Նշյալ անշարժ գույքերը պետականացնելու ժամանակ պետք է կիրառվի «Մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին» օրենքը: Նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշմամբ կոպտորեն խախտվել է նշյալ օրենքը»,- ասվում է հայցադիմումի մեջ: