15 հուլիսի 2016 - 12:36 AMT
ԵԱՀԿ դիտարկումը շփման գծում անցել է առանց կրակի դադարեցման խախտումների

Հուլիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար գնդապետ Հանս Լամպալզերը (Ավստրիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Դան Խարվեյը (Իռլանդիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: