ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցել է Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպան Ժաք Թուբոնին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Նամակում, մասնավորապես, նշվում է.
«Հարգելի՛ պարոն Թուբոն, գիշերը տեղեկացա Նիսում տեղի ունեցած ահաբեկչության սարսափելի լուրին: Առանձնակի ծանր է, երբ զոհերի ու վիրավորների թվում հայտնվում են երեխաներ. սա ողբերգություն է: Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ խորին ցավակցությունս եմ հայտնում Ձեզ»:
Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կիրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 վիրավոր կա:
Մինչ արգելակելը բեռնատարը մոտ 2 կմ է անցել` վրաերթի ենթարկելով մարդկանց: Ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին: ԶԼՄ-ները պարզել են, որ ղեկին տեղի բնակիչ է եղել` 31-ամյա թունիսցի: Մեքենայում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել:
Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ Twitter-ի միկրոբոլոգում: «Մանրամասները ճշտվում են»,-ասվում է գրառման մեջ:
Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար։