15 հուլիսի 2016 - 15:04 AMT
ԵԱՀԿ համանախագահները Թուրքիայում կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հուլիսի 15-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հուլիսի 18-ին կժամանեն Թուրքիա, որտեղ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը:

«Մենք ակնկալում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Թուրքիա հուլիսի 18-ին, որտեղ քննարկելու ենք ղարաբաղյան կարգավորումը: Հանդիպմանը մենք կներկայացնենք թուրքական կողմի տեսակետը այդ հարցում և կծանոթանանք ղարաբաղյան կարգավորման շուրջ գործընթացներին»,-ասել է Չավուշօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովում պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Ընթերցեք նաև. Դավիթ Բաբայան. Չի կարող լինել վերադարձ ոչ կարգավիճակի, ոչ սահմանների առումով