ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կիրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 վիրավոր կա:
Մինչ արգելակելը բեռնատարը մոտ 2 կմ է անցել` վրաերթի ենթարկելով մարդկանց: Ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին: ԶԼՄ-ները պարզել են, որ ղեկին տեղի բնակիչ է եղել` 31-ամյա թունիսցի: Մեքենայում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել:
«Խորապես ցնցված եմ երեկ երեկոյան Նիսում տեղի ունեցած սարսափելի ոճրագործության լուրից, որին զոհ դարձան տասնյակ անմեղ մարդիկ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ֆրանսիան բարբարոսական գործողությունների թիրախ է դառնում արդեն երրորդ անգամ: Դրանք հարված են ոչ միայն Ֆրանսիային, այլև ողջ մարդկությանը: Սա նաև ազդակ է ավելի վճռականորեն համախմբելու մեր բոլորի ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի կառավարությանը, զոհվածների հարազատներին Ձեր երկրին պատուհասած ողբերգության կապակցությամբ և վստահեցնում, որ վշտի այս ծանր պահին Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած են բարեկամ Ֆրանսիայի կողքին»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:
Ֆրանսիական Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ երկու քաղաքացի։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եռօրյա սուգ է հայտարարել Նիսում ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը: «Նախագահը որոշում է կայացրել հուլիսի 16-ին, 17-ին և 18-ին ազգային սուգ հայտարարելու մասին` ի հիշատակ զոհվածների: Այսօրվանից դրոշները բոլոր պետական հաստատություններում կխոնարհվեն»,-ասել է վարչապետը Ֆրանսիայի ԱԽ նիստից հետո, որը նվիրված էր Նիսի ահաբեկչությանը:
Կարդացեք նաև՝ ՀՀ օմբուդսմենը ցավակցել է Ֆրանսիայի ՄԻՊ-ին՝ Նիսում ահաբեկչության կապակցությամբ