16 հուլիսի 2016 - 13:23 AMT
Թուրքիայի հետ սահմանի հսկողությունն ուժեղացվել է

Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունն անցել է Թուրքիայի հետ պետական սահմանի ուժեղացված հսկողության, հայտնում է «Ինտերֆաքսը» սահմանապահ վարչության հաղորդագրության վրա հղումով:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ երկիրը այսպես կոչված «Խաղաղ խորհրդի» կառավարման տակ է գտնվում: Նախագահ էրդողանը կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց: Ավելի ուշ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունները վերահսկում են երկրում տիրող իրավիճակը:

«Մենք անցել ենք սահմանի ուժեղացված հսկողության»,-ասել են վարչությունում:

ՀՀ և Թուրքիայի սահմանի երկարությունը մոտ 345 կմ է:

Հուլիսի 8-ին ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Աֆղանստանի 2 քաղաքացու, որոնք ապօրինաբար հատել էին հայ-թուրքական սահմանը: Տեղաբնակներից, որոնք աշխատելիս են եղել սահմանից ոչ հեռու, ահազանգ է ստացվել այն մասին, որ Թուրքիայի կողմից անծանոթ մարդ է դուրս եկել սահմանամերձ Արաքս գետի ափը:

Հունիսի 15-ին ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցներն Անգոլայի քաղաքացու էին ձերբակալել, որն ապօրինաբար հատել էր հայ-թուրքական սահմանը: Սահմանախախտը լողալով անցել է սահմանային Արաքս գետը, հետո, հատուկ գիտելիքներ ունենալով, հաղթահարել է ազդանշանային համալիրը և մի քանի տասնյակ մետր գնացել սահմանի երկայնքով` փորձելով «քողարկել հետքերը»:

Որոշ ժամանակ անց սահմանախախտը փորձել է խորանալ ՀՀ տարածք: Տեղաբնակները, լինելով կամավորների ժողովրդական ջոկատի անդամներ, տեսել են անհայտ անձին և օպերատիվ կերպով հայտնել են սահմանապահ ուղեկալ: