16 հուլիսի 2016 - 16:42 AMT
Հայաստանը՝ Եվրոպայի համալսարանական խաղերի շախմատի չեմպիոն

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում ավարտվեցին Եվրոպայի համալսարանական մարզական 3-րդ խաղերը, որի շրջանակներում անց էր կացվում նաև շախմատի մրցաշար, որն ընթանում էր արագ շախմատի կանոններով։

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին Զավեն Անդրիասյանը և Հովհաննես Գաբուզյանը։

Թիմային հաշվարկում Հայաստանը վաստակեց 14,5 միավոր և 2 միավորով առաջ անցավ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Ռուսաստանի հավաքականից, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան։

Բացի թիմային հաշվարկից, հաշվի էին առնվում նաև անհատական արդյունքները, որում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Հովհաննես Գաբուզյանը, ով 9-ը հնարավորից վաստակեց 8 միավոր և նվաճեց ոսկե մեդալ, իսկ արծաթե մեդալը բաժին հասավ 6,5 միավոր վաստակած Զավեն Անդրիասյանին։