17 հուլիսի 2016 - 12:58 AMT
Շուշիում հռչակագիր են ընդունել. Որևէ տարածքի զիջում անընդունելի է

Հուլիսի 16-ին մի քանի տասնյակ հասարակական գործիչներ Հայաստանից և Արցախից Շուշիում անցկացված նախաձեռնող հավաքի քննարկումից հետո հռչակագիր են ստորագրել, որը պայմանականորեն կոչել են «Շուշիի հռչակագիր», հայտնում է Արցախպրեսը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Խորապես մտահոգ լինելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում վերջին շրջանում առկա՝ առավելևս հնարավոր զարգացումներով, համաձայնվում ենք հետևյալի շուրջ և պատրաստակամություն ենք հայտնում գործել ու ներքոհիշյալ դրույթներն իրականացնելու համար:

Բացարձակապես անընդունելի է ցանկացած պատճառով, պատճառաբանությանբ, պատրվակով կամ ձևով Արցախի սահմանադրությամբ ամրագրված, հայկական զինված ուժերի կողմից 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ վերահսկվող որևէ տարածքի զիջումը, փոխանցումը կամ հանձնումը այլ երկրի, ուժի կամ կառույցի, ինչպես նաև այդ նպատակով իրականացվող քարոզչությունը: Նման արարքը կդիտարկվի պետական հանցագործություն և մեղավորները ենթակա կլինեն համարժեք պատասխանատվության: Անընդունելի ենք համարում ներկայումս բանակցությունների հիմք հանդիսացող «տարածք կարգավիճակի», «տարածք խաղաղության» կամ «տարածք ավելի կայուն իրավիճակի» դիմաց սկզբունքները: Նպատակահարմար և խիստ անհրաժեշտ ենք համարում բանակցային գործընթացի հիմքի, հենքի և սկզբունքների վերանայումը, ինչպես նաև նոր ու թարմ բանակցային գործընթացի սկզբնավորումը»:

Ավելի վաղ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել էր . «Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ու փոխզիջումների միջոցով ու հավելել. «Բայց ինչպիսի՞ փոխզջում: Չի կարող լինել զիջում, այն էլ՝ միակողմանի: Փոխզիջումը պետք է լինի համարժեք: Այդ փոխզիջումը կամ կարգավորումը չպետք է գայթակղություն ստեղծի Ադրբեջանի մոտ, որպեսզի նա հարցը կարգավորի ռազմական ճանապարհով: Մենք ասել ենք, որ չի կարող լինել վերադարձ ոչ կարգավիճակի, ոչ սահմանների առումով»: