18 հուլիսի 2016 - 10:44 AMT
Հայկական բացօթյա փառատոն Լոնդոնում. Ներկա են եղել բրիտանացի պաշտոնյաներ

Հուլիսի 17-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղի է ունեցել Հայկական բացօթյա փառատոն: Մշակութային տարբեր ուղղություններ ընդգրկող այս միջոցառումը համահայկական ամենամեծ իրադարձւթյունն է Միացյալ Թագավորությունում, որին մասնակցելու համար ժամանում են հայեր երկրի տարբեր անկյուններից:

Արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի անցկացվում է 6-րդ անգամ: Համայնքի ներկայացուցիչներից բացի ներկա են եղել բրիտանացի պաշտոնատար անձինք և հյուրեր Հայաստանից: Ողջույնի խոսքով հանդես է եկել Քենսինգթոն և-Չելսիի արքայական շրջանի ղեկավար Էլիզաբեթ Ռըդերֆորդը, Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի անդամ Սթիվեն Փաունդը, ՀՀ դեսպանատան հյուպատոսական հարցերով կցորդ Հայարփի Դրմեյանը և ուրիշներ, հայտնում է «Առավոտը»:

Փառատոնն իրականացվում է Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքի ջանքերով և մասնակցությամբ։

«Մեր գլխավոր նպատակն է բրիտանահայ համայնքին, թեկուզ մեկ օրով, երկրի տարբեր ծայրերից հավաքել ու համախմբել իրենց ինքնության շուրջ՝ մեր մշակույթի, պատմության, մեր հոգևոր ժառանգության,- նշել է Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը,- ինձ համար անչափ կարևոր է հատկապես երիտասարդների ներգրավվածությունը այս ամենին: Այս տարին մեզ համար առանձնահատուկ է, քանի որ նշում ենք Հայաստանի անկախության 25-ամյակը»:

Փառատոնի ընթացում ելույթ ունեցան ճանաչված ջութակահար Լևոն Չիլինգիրյանը, «Կոմիտաս» երգչախումբը, «Ախթամար» ժողովրդական պարի համույթը և ուրիշներ: Այս տարվա ծրագրի հատուկ հյուրերն էին Հայաստանից դուդուկահար Գևորգ Կարապետյանը և երգչուհի Իվետա Մուկուչյանը: