18 հուլիսի 2016 - 12:47 AMT
Մխիթարյան. Սկզբնական շրջանը նոր ակումբում միշտ բարդ է, բայց շուտով կընտելանամ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հուսով է, որ շուտով կընտելանա նոր թիմին:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 27-ամյա կիսապաշտպանը համալրեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը` €42 միլիոնով տեղափոխվելով Դորտմունդի «Բորուսիայից»:

«Սկզբնական շրջանը նոր ակումբում միշտ է բարդ»,-ասել է Մխիթարյանը, հայտնում է «Սպորտ- Էքսպրեսը»: «Ծանոթանում ես թիմակիցների հետ, ընտելանում ես նրանց առանձնահատկություններին: Ամեն խաղի հետ ադապտացիան արագանում է: Այժմ պատրաստվում ենք և ջանում իրագործել Ժոզե Մոուրինյուի բոլոր գաղափարները»,-ասել է հայ ֆուտբոլիստը:

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյուին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա:

Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

Ընթերցեք նաև. Տուխել. Մխիթարյանը հսկայական ազդեցություն ուներ «Բորուսիայի» վրա, նրա մեծ երկրպագուն եմ